Այդ օրերին Գորիս տեղափոխվելուց հետո Մարինեն հասկացավ, որ առանց Մարտակերտի ապրել չի կարող եւ նորից վերադարձավ հետ․ «Քառօրյայից հետո Արմանն ինձ սովորեցրեց մեքենա վարել։ Ասաց՝ պետք է սովորես, որ եթե նորից կռիվ լինի, կարողանաս երեխաների հետ դուրս գալ Մարտակերտից։ Մեքենա վարելու մեծ սիրահար չեմ, բայց գիտեի, որ անհրաժեշտ է ու պետք է սովորել։ Այսպես՝ սովորեցի»։
Այդպես էլ եղավ․ այս պատերազմի ժամանակ Մարինեն իր երկու երեխաների եւ մեկ այլ սպայի կնոջ ու երեխաների հետ մեքենայով Արցախից հասավ Երեւան։ Արմանը դիրքեր մեկնելուց առաջ միշտ գազ էր լցնում մեքենան։ Այս անգամ բացառություն եղավ։ Ասում է՝ զգում էր, որ պատերազմի վտանգ կա, բայց ինքն էլ չէր հավատում․
«Արթնացա պայթյունի ձայներից։ Հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Միանգամից երեխաներին վերցրի ու նստեցինք Արմանի մեքենան։ Գազալցակայանը իրենց զորամասին մոտ էր։ Բոլորը գնում էին հակառակ ուղղությամբ, իսկ ես՝ դեպի գազալցակայան։ Գազ լցնելուց հետո բարձրացանք վերին գյուղեր։ Դե ես էլ պրոֆեսիոնալ վարորդ չեմ, բայց հասկանում էի, որ պետք է դուրս գալ այդտեղից։ Մի քանի ընտանիքով գնացինք մի տուն։ Այդտեղ դեռ մարդիկ պահածոներ էին սարքում, ապրում էին սովորականի պես։ Հույս ունեինք, որ շուտով ամեն ինչ կվերջանա, հետ կգնանք մեր տները։ Հաջորդ օրը հարվածային ԱԹՍ էր շրջում երկնքում, հասկացանք, որ այստեղ էլ ապահով չէ։ Գիշերեցինք Արմանի բարեկամի տանը․ հաջորդ օրը մեկնեցինք Վարդենիս։ Ճանապարհը ցույց էր տալիս Լիլիթը՝ ընկերուհիս։ Ինքն իմ աչքերն էր ամբողջ ճանապարհին, իսկ ես վարում էի մեքենան։ Դրա հաջորդ օրը Վարդենիսում նույնպես պայթյուններ եղան։ Հասկացա, որ այդտեղ էլ ապահով չէ, եւ երեխաներիս հետ եկանք Երեւան»։
Երեւանում Մարինեն բարեկամներ չունի, բայց իրենց տանը շատ զինվորների ծնողների էին հյուրընկալել, եւ նրանցից մեկն էլ իրենց հյուրընկալեց Երեւանում։ Նրա օգնությամբ Մարինեն գտավ Գեւորգ Գասպարյանին, որն իրենց եւ 5 այլ ընտանիքների ապահովեց տնով․ «Մոտ երկու ամիս ապրեցինք այդտեղ։ 17 հոգով էինք բնակվում։ 2 ամիս շարունակ որեւէ բանի կարիք չունեցանք։ Գեւորգը մեզ ապահովում էր ամենով, ինչն անհրաժեշտ էր։ 6 ընտանիք էինք, բոլորիս ամուսիններն էլ կռվում էին։ Հետո իրենց ամուսինները եկան եւ իրենց տարան․․․ ես մնացի միայնակ»։